ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս պաշտոնական տեղեկություն չի ստացել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ Պրահայի քաղաքային դատարանի որոշման մասին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ երեկ է Tyden.cz-ը հաղորդել էր, որ Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին հայտարարել էր, որ դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան»։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

37-ամյա Նարեկ Սարգսյանը նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին է: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: