ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ  Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը այօսր հետաձգվեց: Դատարանը ստացավ Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու վերաբերյալ փաստաթղթերն ու Մանվել Գրիգորյանի դիմումը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11-ին ժամը 12.00-ին:

Նշենք, որ երեկ Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են Երեւան-Կենտրոն ՔԿՀ, այնուհետեւ Դատապարտյալների հիվանդանոց։  Փաստաբանների պնդմամբ` նրան դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել իր կամքին հակառակ, ըստ պատպանների` նրա կյանքին վտանգ է սպառնում:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: