Էկոլոգիական ճգնաժամը եւ՛ Հայաստանում եւ՛ ընդհանուր մոլորակի վրա գնալով խորանում է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը ՝ անդրադառնալով համամոլորակային եւ Հայաստանի էկոլոգիական առկա խնդիրներին:

Նրա խոսքով՝ այսօր որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմանների արդյունքում՝ Հայաստանում կա 23 պոչամբար, որը քաղցկեղի նման ծածկում է հողային շերտը. «Հայաստանը հումքային կցորդ դարձնելը էկոլոգիական ամենալուրջ խնդիրը դարձավ: Ծանր մետաղներով աղտոտվում է շրջական միջավայրը: Մեզ ասում են՝ ձեզ մնա ամեն ինչ կփակեք, բա սոցիալական ու տնտեսական խնդիրները. մենակ մաքուր բնություն եք ուզում»,- ասաց Կարինե Դանիելյանը եւ նշեց, որ միայն Երեւանի շուրջ կա 29 հանք:

«Փոշին, որը մենք մատակարարում ենք քաղաքին, պարունակում է ծանր մետաղներ»,- ասաց նա:

Ըստ Դանիելյանի՝ կարեւոր է նաեւ էկոլոգիական մշակույթի զարգացումը: Նա եվրոպական տարբեր երկրիների օրինակներ բերեց եւ նշեց, որ այնտեղ կան կանաչ օֆիսներ, էկոլոգիական կենտրոններ. «Մենք անընդհատ վեճի մեջ ենք եղել Կրթության նախարարության հետ, որպեսզի դպրոցում ընգրկվի «էկոլոգիայի հիմունքներ» առարկան: Միշտ բացասական է եղել արձագանքը: Հիմա կառավարության 5-ամյա ծրագրում ներառված է»,- ասաց  Կարինե Դանիելյանը:

Նշենք, որ վաղը՝ հունիսի 5-ը, շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: