Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:  

«ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում լիիրավ անդամակցության ձեռքբերման հարցում Ուկրաինայի ռազմավարական կուրսն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությունում: Այն մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- ասել է Զելենսկին:

Նա շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին քաղաքական եւ գործնական աջակցության համար՝ հայտնելով Դաշինքնի հետ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու մտադրության մասին:

«Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիան հիմնական մարտահրավերներից մեկն է եվրաատլանտյան անվտանգության համար: Ընդհանուր խնդիրների թվում է Սեւ ծովում կայունության եւ անվտանգության ապահովումը»,- ընդգծել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ուկրաինայի Գերագույն ռադան սահմանադրական փոփոխություններ էր կատարել՝ կապված ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի լիիրավ անդամակցության ձեռքբերման հարցում պետության ռազմական կուրսի հետ: Ապրիլի 20-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել էր ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի լիիրավ անդամակցության ձեռքբերման հարցում պետության ռազմական կուրսի իրականացման միջոցառումների ծրագիրը: