Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է Հանրապետության նախագահի որոշմամբ դեռեւս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այն ժամանակ ԱԺ մեծամասնությունը ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուին. «Այսինքն մինչեւ «Իմ քայլը» դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը Վահե Գրիգորյանը նախորդ գումարման ԱԺ-ին է ներկայացվել ՀՀ նախագահի կողմից՝ նրա կողմից հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում:
Եվ ըստ էության ստացվել էր մի վիճակ, երբ որ նախորդ խորհրդարանական մեծամասնությունը ձեր ասած տրամաբանությամբ մերժել էր ՀՀ նախագահի թեկնածուին: Եվ կարծում եմ, որ Հանրապետության նախագահը առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ պետք է այդ անարդարությունը վերացվի: 2 այլ թեկնածու առաջադրեց, խորհրդարանական մեծամասնությունը համարել է, որ այդ թեկնածուները չպետք է առնվազն այս փուլում ներկայացնեն»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե կա՞ քաղաքական որոշում, որ հենց Վահե Գրիգորյանը պետք է ՍԴ դատավորի թափուր հաստիքը զբաղեցնի, Վարչապետն արձագանքեց. «Եթե կա այդպիսի որոշում, ապա այդ որոշումը կայացրել է ՀՀ նախագահը դեռեւս 2018 թվականի աշնանը: Եթե նախորդ գումարման Ազգային Ժողովը մերժել է այդ թեկնածությունը, ես կարծում եմ, որ Հանրապետության նախագահն առաջնորդվել է անարդարությունը վերացնելու տրամաբանությամբ:
Կարծում եմ, որ նախորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը չի առաջադրվել նաեւ այն պատճառով, որ օրենսդրական տարընթերցումներ են եղել: Ես կարծում եմ, որ Վահե Գրիգորյանը ինչպես եղել է Հանրապետության նախագահի թեկնածուն, այնպես էլ մնացել է Հանրապետության նախագահի թեկնածու»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկել Վահե Գրիգորյանին: Դրանից առաջ ՀՀ նախագահը մի քանի թեկնածուների էր ներկայացրել, սակայն նրանք ԱԺ-ում բավարար թվով կողմ ձայներ չէին ստացել:
Նշենք, որ Հավե Գրիգորյանի թեկնածությունը Արմեն Սարգսյանը ներկայացրել էր նաեւ նախորդ տարի, սակայն նախորդ ԱԺ-ում նրա թեկնածությունը չէր անցել:











