Նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածանքով 3 ձերբակալվածներից մեկի՝ 42-ամյա Սերգեյ Խոջայանի փաստաբանը հայտարարել է, որ գործում մեծ թվով կասկածելի պահեր կան: Խոջայանը մեղքը չի ընդունում, չնայած չի հերքում, որ այդ երեկո բարում է եղել, փոխանցում է «ՄԿ»-ն: 

«Սերգեյը օրինապահ քաղաքացի է, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները: Նա ավտոպահեստամասերի վաճառող է: Ոչ մի անգամ ոստիկանների տեսադաշտում չի հայտնվել, անգամ ոչ մի վարչական տույժ չունի»,- ասում է նրա փաստաբան Օլեգ Ժիլցովը:

Սերգեյը հաճա՞խ էր գնում այդ բար:

Ո՛չ: Նա նման հաստատությունների սիրահար չէ: Իսկ այդ օրը եկել էր ծանոթների ընկերակցությամբ մի բաժակ գարեջուր խմելու եւ ֆուտբոլային հանդիպումը դիտելու:

Ձեր պաշտպանյալը մասնակցե՞լ է ծեծկռտուքին:

Նա սպանության մեղադրանքը չի ընդունում: Գործը կասկածելի է: Նրանք, ովքեր կատարել են, փախել են, իսկ Սերգեյի մոտ խուզարկությամբ են եկել: Տեսանյությում նա է հատուկ ծառայությունների առջեւ դուռը բացում՝ տնային հագուստով, քնաթաթախ, նոր է աշխատանքից եկել: Նա չի թաքնվել: Ուստի քննության եզրահանգումները կասկածներ են հարուցում: