Մոսկվայում խորհրդարանական հանձնաժողովների անդամների հանդիպումները բավականին հագեցած էին: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեգլոյանը, որն ամփոփեց Մոսկվա այցի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչների հետ իրենց հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքները:

Նրա խոսքով՝ քննարկվել է միջխորհրդարանական հարթակներում համագործացության խորացումը: «Մենք քննարկեցինք նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, այդ թվում՝ համագործակցությունը ՀԱՊԿ, ԵՏՄ եւ ԱՊՀ շրջանակում: Կարեւոր փաստ է այն, որ Ռուսաստանը նման հանդիպումներ է անցկացրել միայն մի քանի երկրների հետ՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Ղազախստանի եւ Իսրայելի: Սա նաեւ մատնանշում է, որ մեր հարաբերությունները յուրահատուկ են, իսկ երկխոսությունը երկու կողմերի համար կարեւոր է»,- նշեց Բեգլոյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր հերթին համաձայնվեց գործընկերոջ հետ՝ միայն հավելելով, որ հայկական եւ ռուսական կողմերն առկա խնդիրները քննարկում են առանց որեւէ սահմանափակման: