2016թ. ապրիլյան պատերազմի իրադարձությունների հետաքննության արդյունքները հասանելի կլինեն ոչ բոլորին: Այս մասին այսօր ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հետաքննությունը հանձնարարվել է այդ հանձնաժողովին:

Նրա խոսքով՝ իրենց աշխատանքը փակ կլինի:

«Կխնդրեմ չնեղանալ: Պարբերաբար որոշ հրապարակումներ կլինեն: Հանրությանը տեղեկացնելու ձեւաչափ կփորձենք գտնել: Զեկույցները բաց կլինեն, սակայն դրանցում կարող են լինել թեմաներ, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից չենք կարող հասանելի լինել բոլորին»,- ասել է Քոչարյանը:

Նա նաեւ կոչ է արել զերծ մնալ հապճեպ եզրահանգումներից, քանի որ քննության արդյունքները կարող են ցույց տալ, որ «ոչինչ չի եղել»: Նա նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինչու է տվյալ հետաքնությունն անցկացնում քաղաքական, այլ ոչ թե փորձագիտական հանձնաժողովը:

«Փորձագետները պետք է հետաքննություն սկսեին դեռեւս 2016թ. նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, սակայն մենք տեսանք, որ որոշ պաշտոնյաներ այդ ժամանակ հեռացվել էին պաշտոնից, եւ նորմալ հետաքննություն չանցկացվեց: Երեկ չէ առաջին օրը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմից հետո որոշ հետաքննություններ արվել են խիստ գաղտնի ռեժիմով»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հայտնի չէ, թե կոնկրետ ով է տիրապետում այդ ինֆորմացիային եւ ինչ եզրակացություն է արվել այդ հետաքննության արդյունքով: