Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հանդիպումը:
Բանակցությունների արդյունքով տեղի է ունեցել տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի փոխանակման արարողությունը: Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը ստորագրել են ռազմավարական համագործակցության եւ համապարփակ գործընկերության եւ ժամանակակից դարաշրջանում ռազմավարական գլոբալ կայունության ամրապնդման մասին համատեղ հայտարարությունը:
Սպառազինությունների, միջուկային փորձարկումների եւ սառը պատերազմի մասին
Մոսկվան եւ Պեկինը հանդես են եկել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի վերականգնման հարցով խորհրդակցությունների անցկացման օգտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը կարող է խաթարել ռազմավարական կայունությունը, ուժգնացնել լարվածությունն ու անվստահությունը, կտրուկ նվազեցնել հրթիռամիջուկային ոլորտում կանխատեսելիությունն ու հանգեցնել սպառազինությունների մրցավազքի աճին եւ հակամարտությունների առաջացմանը: Ռոսաստանն ու Չինաստանը կողմ են այդ պայմանագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը: Կողմերը մտադիր են սերտ երկխոսություն պահպանել եւ համակարգել տվյալ ոլորտում իրենց մոտեցումները: Ռուսաստանն ու Չինաստանն անհանգստությամբ նշում են առանձին պետությունների վտանգավոր գործողությունները: Կողմերն անընդունելի են համարում որոշ պետությունների անպատասխանատու մոտեցումը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով իրենց պարտականությունների նկատմամբ: Նման պետությունները պետք է հրաժարվեն միջուկային առաքելությունից»,- ասվում է փաստաթղթում:
Կողմերը նաեւ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակիցներին կոչ են արել պահպանել պայմանագրի սկզբունքները:
Ինչպես նաեւ կողմերը նշել են, որ միջուկային գերտերությունները պետք է հրաժարվեն սառը պատերազմից եւ դադարեցնեն գլոբալ հակահրթիռային պաշտպանության զարգացումը: Կողմերի խոսքով՝ միջուկային գերտերությունները պատասխանատու են միջազգային անվտանգության եւ ռազմավարական գլոբալ կայունության համար:
Իրանի մասին
Ռուսաստանն ու Չինաստանն ընդգծել են Իրանի հետ տնտեսական համագործակցության պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դեմ են արտահայտվել ամերիկյան միակողմ պատժամիջոցներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ կողմերը բարձր են գնահատում Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահանջների իրականացումն ու ակնկալում են նման ուշադրություն եւ պատասխանատվություն մյուս մանսակիցների կողմից: Փաստաթղթում նշվում է նաեւ Իրանի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին:
Պաղեստինի հարցը
Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով բանակցությունների շուտափույթ վերսկսմանը: Կողմերը նշում են, որ աջակցոմ են 1967թ. սահմաններին Արեւելյան Երուսաղեմում պաղեստինյան պետության ինքնիշխանության ու անկախ կենսունակության ստեղծումը, իսկ տվյալ գործընթացի կողմերին կոչ են անում խուսափել երկպետականության լուծման հեռանկարները խոչընդոտող գործողություններից:
Վենեսուելայի մասին
Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են անում աջակցել Վենեսուելայի խնդրի խաղաղ լուծմանը՝ նշելով, որ հետեւում են իրադարձությունների զարգացմանը:
Բացի այդ, նշվում է, որ կողմերը մտադիր են իրականացնել Լատինական Ամերիկայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման շուրջ համագործակցությունը, ուշադրություն հատկացնել փոխադարձ շփումներին եւ երկկողմ հարաբերություններին:
Կլիմայի մասին
Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են ամրապնդել էկոլոգիական գլոբալ խնդիրների հարցում միջազգային համագործակցությունը:
«Անհրաժեշտ է ամրապնդել միջազգային համագործակցությունն այնպիսի էկոլոգիական գլոբալ խնդիրների համատեղ լուծման հարցում, ինչպիսին է կլիմայի փոփոխությունն ու կենսաբանական զանազանության կրճատումը»,- ասվում է փաստաթղթում:





























