Դատարանը ձերբակալել է նախկին հատուկջոկատայինի սպանության գործով 3-րդ ֆիգուրանտին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, քննության վարկածով՝ 41-ամյա Սուրեն Մարկոսյանը մասնակցել է ծեծռկտուքին, որի ժամանակ մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը:

Մարկոսյանը մեղադրանքը չի ընդունում: Նա կալանքի տակ կմնա 2 ամիս:

Ավելի վաղ նույն ժամկետով ձերբակալվել էին 42-ամյա Սերգեյ Խոջայանն ու ծեծկռտուքի վայրին մոտ գտնվող հաստատության 27-ամյա բարմեն Նարեկ Ստեփանյանը: Նրանք եւս չեն ընդունում մեղադրանքը:

Մարկոսյանին կասկածում են մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ:

Նիստի ընթացքում Մարկոսյանը չի պատասխանել լրագրողների հարցերին, նստել է տեսախցիկներից հեռու եւ փորձել ձեռքերով փակել դեմքը: Դատարանում հաստատել են, որ նա տնտեսագետ է եւ ապրում է Մոսկվայում, հաղորդում է RNS-ը:

Հիշեցնենք, որ ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում:

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողները Հայաստանի քաղաքացիներ են։  ՀՀ քաղաքացի Գրիգոր Օհանյանը, որին մեղադրում էին նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ, հայտարարել էր, որ մտադիր է դատի տալ լրագրողներին: