Պետք չէ կարծել, որ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը թուլության նշան  է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով հարցին այն մասին՝ կատարվում են արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված  պայմանավորվածությունները, նախարարը նշեց, որ պայմանավորվածությունների իրականացման հարցը, կատարման մեթոդիկան քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում:

Նախարարը նշեց հրադադարի ռեժիմի խախտման անթույլատրելիությունը եւ ցավով արձանագրեց հայ զինվորի մահը:

«Մենք մեր կողմից հավատարիմ ենք հրադադարի պահպանմանը: Եվ կշարունակենք ամեն ինչ անել պայմանավորվածությունների իրականացման համար: Սակայն պետք է հասկանալ, որ խաղաղության պահպանմանը հետեւելը թուլության նշան չէ, այլ սեփական ուժերին վստահ լինելու նշան: Հարկավոր է ամրապնդել հրադադարի ռեժիմը, քանի որ այլընտրանքը  բոլոր կողմերի համար չափազանց բացասական հետեւանքեր ունի», - զգուշացրեց Մնացականյանը: