«Սասստեքս» կարի գործարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գործարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

«Այսօր պետք է աշխատանքային նոր պայմանագրեր կնքվեին աշխատողների հետ, սակայն աշխատողներն առավոտյան գնացել են գործի, բայց գործարանի դռները փակ են եղել»,–նշեց նա։

Տեւական ժամանակ է՝ Գյումրու «Սասստեքս» կարի գործարանի աշխատակիցները բողոքում են աշխատանքային պայմաններից եւ պնդում՝ աշխատում են շաբաթական 40 ժամ, սակայն ստանում են նվազագույն 55 հազար դրամից մի քանի անգամ պակաս աշխատավարձ։ Գործարանի ղեկավարությունն ի պատասխան աշխատողների բողոքի հայտարարել է, որ արտադրանքի որակը ցածր է եղել, այդ պատճառով էլ աշխատողները քիչ աշխատավարձ են ստացել։

«Սասստեքս» ընկերությունը ցանկանում է պարտադրել աշխատակիցներին նոր աշխատանքային պայմանագիր կնքել, որը հնարավորություն կտա տուգանել աշխատողներին վատ աշխատանքի համար, իսկ մինչեւ չկնքեն նոր պայմանագրերը, աշխատողներին աշխատանքի չեն թողնելու։  Անցած շաբաթ օրը «Սասստեքսի» ղեկավարությունը հայտարարել էր, որ հինգշաբթի աշխատակիցների հետ նոր աշխատանքային պայմանագրեր կկնքվեն, իսկ մինչ այդ աշխատողներին թույլ չեն տալիս մտնել գործարան։ 

Ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակում:

Sasstex ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել էր նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները: