ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է  ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության եւ տեխնոլոգիաների հանձնաժողովի եւ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական  Աննա Էշուին: 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի եւ դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են  Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր,  մասնավորապես` Կալիֆոռնիայի հեղինակավոր կրթական հաստատությունների` Բերքլիի,  Սթենֆորդի, Սանթա Քլարայի համալսարանների հետ փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները, «Օրաքլ», «Սիսքո» եւ նմանատիպ այլ ընկերությունների հետ համագործակցության հաստատման ու ծավալման հնարավորությունները:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնման եւ զարգացման հարցում առանձնակի կարեւորվել է Կալիֆոռնիայի հայ համայնքի դերակատարումն ու ներգրավվածությունը եւ ձեռք բերվել է պայմանավորվածություն Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում ակտիվ համագործակցության շուրջ։