Թուրքական Taraf-ի կողմից հրապարակված Թուրքիայի վերաբերյալ WikiLeaks-ի փաստաթղթերից մեկում անդրադարձ է եղել նաեւ Պոլսո Հայոց պատրիարքին։
WikiLeaks-ի փաստաթղթերից մեկում նշվել է, որ Թուրքիայում ամերիկացի դիվանագետները տեղեկություններ են հաղորդել թուրքական իշխանությունների կրոնական հենք հանդիսացող Ֆեթհուլլահ Գյուլենի ազդեցության եւ գործունեության վերաբերյալ։ Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը համարվում է Գյուլենի հետեւորդներից, իսկ վարչապետ Էրդողանն իրեն հեռու է պահում Գյուլենից։
«Ամերիկացի դիվանագետները հայտնել են, որ Ֆեթհուլլահ Գյուլենին ԱՄՆ-ում բնակության իրավունք տալու համար Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների հոգեւոր առաջնորդներից աջակցություն են պահանջել։ Ստամբուլի հայկական, հունական եւ հրեական համայնքների հոգեւոր առաջնորդներից պահանջել են Գյուլենի համար երաշխավորող նամակ գրել, սակայն Հունաց եւ Հայոց պատրիարքները հրաժարվել են գրել նամակը։ Միայն Թուրքիայում Վատիկանի ներկայացուցիչն է հստակ աջակցություն հայտնել Գյուլենին»,-նշվել է Taraf-ում։
Նշենք, որ թուրքական Taraf թերթին հաջողվել է երկար բանակցությունների արդյունքում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջից Թուրքիայի վերաբերյալ 11 հազար գաղտնի փաստաթուղթ ստանալ:
Ստամբուլահայ հայտնի լրագրողներ Մարկար Եսայանն ու Սեւան Նիշանյանը եւս թղթակցում են Taraf-ին։
Չնայած Taraf-ի ոչ մեծ տպաքանակին, այն համարվում է սկանդալային հրապարակումներով հայտնի պարբերական։





























