Հայաստանում ներկայումս գրանցված է 14 781 դոմեն, որոնց 60 տոկոսի սեփականատերերը Հայաստանից են, իսկ 40 տոկոսը՝ արտասահմանցի։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Իգոր Մկրտումյանը։ Նրա խոսքով՝ դոմենային անուններ գրանցողների շրջանում վերջին 2 տարում ակտիվություն է նկատվում հատկապես հայաստանյան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց շրջանում։  

«Եթե 2-3 տարի առաջ դոմեն գրանցողների շրջանում հայաստանցիների եւ արտասահմանցիների հարաբերակցությունը 50-50 էր, ապա այժմ հայաստանցիներն ավելի ակտիվ են»,-ասաց Ի. Մկրտումյանը։   

Նշենք, որ ներկայումս Հայաստանում «.am» տիրույթում դոմենների գրանցումը տարեկան արժե 12 հազ. դրամ (մոտ 33 դոլար), նախկին 13,2 հազ. դրամի (մոտ 36 դոլար) փոխարեն։ Այս գինն այլ դոմենների գրանցման հետ համեմատած դեռեւս բարձր է։ Օրինակ՝ «.com» կամ «.info» դոմեններում ինտերնետային հասցե (դոմեն) գրանցելը արժե 8-10 դոլար:

Դոմենների գրանցման համար վճարվող գումարից բացի Հայաստանում կայքի հոսթինգը եւս բավական թանկ է։ Ինչպես ավելի վաղ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասել էր «Կոռնետ-ԱՄ» ընկերության վաճառքի բաժնի մենեջեր Գեւորգ Եդիգարյանը, դոմեն գրանցելու սակագնի նվազումը մեծ փոփոխությունների չի բերի, քանի որ կայքերի հոսթինգը Հայաստանում բավականին թանկ արժե։ Այսպես՝ եթե Հայաստանում կայքի հոսթինգը տարեկան արժե 24 հազ. դրամ, ապա երկրից դուրս հոսթինգը արժե ընդամենը 5-6 հազար դրամ։