Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին եւ վստահություն հայտնել, որ նրանք օգտակար դիտողություններ, խորհուրդներ կտան Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության օգտակարության մասին եւ այն մասին, որ մենք, իրոք, բարձր ենք գնահատում եվրոպական կառույցների կողմից մեզ ցուցաբերվող օժանդակությունը` մեր երկրի հետագա զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման գործում: Վստահ եմ, որ այս անգամ էլ օգտակար դիտողություններ, խորհուրդներ կլինեն:Պատրաստ ենք դրանք լսելու եւ համատեղ աշխատելու: Այդ մարտահրավերները ծառացած են մեր առջեւ: Մենք, իրոք, ցանկություն ունենք այդ խնդիրները լուծելու եւ այս ճանապարհին օժանդակությունը բարձր ենք գնահատում»:

Համազեկուցող Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում եւ զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ:

«Այս փոփոխությունները չափվում եւ գնահատվում են այն բանաձեւի եւ առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո´ն նախագահ, կարեւորն այստեղ քաղաքական կամքն է, որ Դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաեւ Վեհաժողովին»,-ասել է Ջոն Պրեսկոտը: