Facebook սոցիալական ցանցում մարտի 17-ին ստեղծվել է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց օգնող խումբ։

Խումբը կրում է «Հայաստանը Ճապոնիայի համար. օգնություն ցուցաբերենք Ճապոնիայի բնակիչներին»։ Խումբը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ապաստան տալ անօթեւան մնացած ճապոնացիներին։

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի էր ունեցել 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Դրան հետեւել էին 6 մագնիտուդ հզորությամբ հետցնցումներ, որոնք պատճառ էին դարձել ցունամիի։ Ոստիկանության տվյալներով, զոհվել է 5200 մարդ, ավելի քան 8600-ն անհետ կորել է։

Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակ էր մտցվել, քանի որ շարքից դուրս էին եկել սառեցման համակարգերը։ Կառավարությունը հայտնել էր չորրորդ բլոկում տեղի ունեցած երկու հրդեհների, ինչպես նաեւ հինգերորդ եւ վեցերորդ բլոկներում ջերմաստիճանի բարձրացման մասին։

Նշենք, որ Ճապոնիայում Հայաստանի 30 քաղաքացիներ կան, նրանք տարերքից չեն տուժել։ Հայաստանի ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է այդ երկրում Հայաստանի դեսպանատան հետ։