«Ինձ համար ամենամեծ պատիվն է եւ ես հպարտ եմ, որ ձեզանից շատերն ինձ «պապի» են ասում»,- Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում ելույթի ժամանակ նշել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու շարունակել. «Ուրեմն լսեք եւ ընդունեք պապու խոսքը. Մենք ձեզ հետ միասին շատ մեծ գործ ենք կերտում`  լուծում ենք մեր հայրենիքի եւ հողի ճակատագրի հարցը: Խնդրում եմ, որ բոլորդ հակվեք այդ գիտակցությանը եւ բոլորդ մասնակից լինեք մեր համատեղ ընդհանուր գործին:

Մեր ուժը մեր ինքնավստահությունն է: Հաղթում է զուսպն ու ինքնավստահը, այլ ոչ թե խելագարը: Սա մեկ օրում լուծվելիք խնդիր չէ, երկար էլ չի տեւելու, կարճ կտեւի, բայց զուսպ եւ ինքնավստահ: Ես դրանում չեմ կասկածում: Կա ժողովուրդ ու կա ժողովրդին ղեկավարող հզոր կազմակերպություն, որն ի վիճակի է համախմբել, սակայն բոլորս հասկանում ենք, որ պետք է կազմակերպված լինել եւ մեր  պայքարը հաղթանակի է բերելու»:

Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Նա նաեւ նշեց, որ «մի քանի ոչնչություններ»` Երեւանի վերջին 3 քաղաքապետերը, 100-ից ավելի անգամ զրկել են ընդդիմությանը եւ  ժողովրդին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հնարավորությունից: «Տո, այ անբարոյականներ, դուք ով եք» դիմելով քաղաքապետներին, ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նշեց, որ այդ քայլով քաղաքապետերը հարվածել են ժողովրդին:

ՀԱԿ- առաջնորդի ելույթից հետո հանրահավաքն ավարտվեց, մասնակիցները հեռանում են Ազատության հրապարակից: