Ազատության հրապարակում տեղի ունեցող այսօրվա հանրահավաքը նոր լիցք է հանուն արդարության մղվող պայքարում: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին Ազատության հրապարակում շարունակվող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

«Մենք հասնելու ենք մեր երազանքների իրականացմանը, շուտով հաստատվելու է ժողովրդի օրինական իշխանություն: Վարչախումբը ցույց է տվել, որ ի վիճակի չէ լուծել պետության խնդիրները, եւ միայն ժողովուրդի վստահությունն ունեցող իշխանությունն է ի վիճակի իրականացնել այդ: Իշխանափոխությունը շատ մոտ է»,- հայտարարեց Դեմիրճյանը:

Նշենք, որ Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցներին միացավ նաեւ այսօր բանտից ազատ արձակված Հարություն Ուռուտյանը, ով հայտարարեց, որ եթե չլիներ համազգային պայքարն, ինքն այսօր այդտեղ չէր լինի:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 8-ին` Ազատության հրապարակում:

Նշենք նաեւ, որ հրապարակում հավաքված ժողովուրդը ոգեւորված է եւ ելույթների ընդմիջումների ժամանակ երգում ու պարում է:

Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: