Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» վթարային ատոմակայանում իրավիճակը գնալով ավելի է բարդանում։ «ՌԻԱ նովոստին» տեղեկացնում է, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկից չի դադարում գոլորշու ամպ բարձրանալ, երրորդ էներգաբլոկում իրար են հաջորդում ռադիացիայի արտանետումները։ Արդեն 20 մարդ ճառագայթվել է։

ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը վերլուծելու համար մարտի 17-ին վթարի վայր է ժամանել ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Յուկիա Ամանոն։ Ըստ նրա՝ իրավիճակը ատոմակայանում «շատ լուրջ է»: Ներկայումս ամենամեծ վտանգը ներկայացնում է 3-րդ էներգաբլոկը, որտեղ հանրավոր է հրդեհ բռնկվի, ինչը մեծ աղետի առաջացման պատճառ կարող է դառնալ, քանի որ այնտեղ է տեղակայված միջուկային թափոնների պահեստարանը։ Ճապոնացի մասնագետները շարունակում են էներգաբլոկի հովացման աշխատանքները:

Ատոմակայանի հարակից շրջաններից սկսել են տարհանել բնակչությանը, որոշ երկրներ եւս իրենց քաղաքացիներին հեռացնում են Ճապոնիայից։

Քաղաքացիներին Ճապոնիան լքելու կոչ են արել Ֆրանսիան, Ավստրալիան, Իտալիան եւ Բելառուսը եւ այլ երկրներ։    

Հիշեցնենք, որ երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի, ու տեխնոլոգիական աղետի օրերին Ճապոնիայում էին Հայաստանի 30 քաղաքացիներ։ Նրանցից մի քանիսն արդեն վերադարձել են Հայաստան։