ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտն, այսօր՝ մարտի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պրեսկոտը տեղեկացրել է, որ հանդիպել են ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ եւ քննարկել ոլորտում առկա մի շարք հարցեր, որոնք բարձրաձայնել են ընդդիմության ներկայացուցիչները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նախընտրական ժամանակահատվածում թեկնածուներին հատկացվող հեռուստաեթերին, որն ըստ ընդդիմության, հավասար չի բաշխվում:
Ջոն Պրեսկոտը նշել է նաեւ, որ ընդդիմադիր գործիչները մի շարք հանդիպումներում անընդունելի են համարել ՀՌԱՀ-ի ձեւավորման գործող կարգը: Նա հույս է հայտնել, որ ոլորտում նախանշված բարեփոխումները կնպաստեն վիճակի բարելավմանը: Համազեկուցողի գնահատմամբ կատարված դրական փոփոխություններն ակնհայտ են. դրանք իրենց տեղը կգտնեն առաջիկա զեկույցում:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է, որ եվրոպացի փորձագետների գործուն աջակցությամբ փոփոխություններ են կատարվել ոլորտը կանոնակարգող մի շարք օրենքներում:
Հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նկատել է, որ թեեւ ամիսներ առաջ է ընդունվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը եւ այն նախորդից առավել ընդունելի է, այնուամենայնիվ կան որոշ մտահոգություններ: Նա տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել էր շուրջ 40 առաջարկ, որոնց գերակշիռ մասը չի ընդունվել, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկել նախագծին:
Կարեւորվել է ՀՌԱՀ-ի թափանցիկ աշխատանքի ապահովումը եւ ձեւավորման այնպիսի մեխանիզմի ամրագրումը, որը կապահովի նաեւ ընդդիմության ներկայությունը հանձնաժողովում:





























