Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից ու դրան հաջորդած ցունամիից վթարված «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկից գոլորշու ամպ է սկսել բարձրանալ։ ВВС-ի փոխանցմամբ, Ճապոնիայի միջուկային եւ արդյունաբերության անվտանգության գործակալության (NISA) ներկայացուցիչ Խիդեխիկո Նիսիյաման ասել է, որ գոլորշու ամպը հնարավոր է առաջացած լինի մշակված միջուկային վառելիքի գերտաքացումից:

NISA-ի տվյալները հաստատում են, որ Ճապոնիայի ոստիկանության, բանակի եւ փրկարարների ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հովացմանն ուղղված համատեղ գործողության արդյուքնում իրավիճակը կարգավորվել է մասնակիորեն։ Փրկարարական աշխատանքում շարունակում է առաջնահերթ մնալ ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկում հրդեհի բռնկման հավանականության չեզոքացման աշխատանքը, որտեղ տեղակայված է միջուկային թափոնների պահեստարանը։ Բացի դրանից 3-րդ ռեակտորը աշխատում է պլուտոնիումով, որն ավելի վտանգավոր եւ ռադիոակտիվ է ուրանից:

Իրավիճակը, սակայն, հնարավոր է վատթարանա։ NISA-ն տեղեկացրել է, որ 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկների միջուկային վառելիքի ավազաններում ջուր չի մնացել, եւ եթե հովացմանն ուղված գործողությունները հաջողություն չունենան, ապա առաջիկա 2-3 օրում իրավիճակը ատոմակայանում կարող է ծայրահեղ դառնալ։ Այդ դեպքում «Ֆուկուսիմա 1»-ի ռեակտորները կսկսեն բարձր հաճախականությամբ ռադիացիա ճառագայթել։