ՀՀ երրորդ նախագահ ՍԵրժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի տեղեկություններով՝ Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։ Այս մասին դատարանում մլրագրողների հարցին ի պատասխան հայտնեց Հայկ Սարգսյանը։

«Իմ իմանալով համաձայնություն չի տվել»,–ասաց նա։

Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը ներկայումս բուժման նպատակով գտնվում է արտերկրում։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Նշենք, որ Չեխիայի օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

37-ամյա Նարեկ Սարգսյանը  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր  Սարգսյանի որդին է: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: