ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը, թեեւ գերադասում է դիվանագիտական մեթոդները։ «Ես միշտ ասել եմ, որ մենք չենք բացառում ոչ մի տարբերակ, բայց ինձ համար դիվանագիտական ճանապարհը գերադասելի է»,- ասել է ԱՄՆ նախագահը Պիտսբուրգում G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական Կում քաղաքում ուրանի հարստացումը կապված չէ միջուկային էներգիայի՝ խաղաղ ծրագրերի օգտագործման հետ։
Ինչպես արդեն հաղորդվել էր, Մոսկվան Իրանի մասին Վաշինգտոնին է փոխանցել նոր տվյալներ։ Այս տեղեկատվությունն այսօր հաստատել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Մոսկվան եւ Պեկինը կոչ են արել Թեհրանին ՄԱԳԱՏԵ-ի հետ թափանցիկ աշխատել։




























