ԱՄՆ-ը արդեն շատ բան է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եւ կանի ամեն ինչ առաջընթացի ապահովման համար, որ արձանագրվել է Սոչիում մարտի 5-ին: Այդ մասին Trend-ին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

«Վաշինգթոնը լքելուց եւ Բաքու գալուց առաջ ես հնարավորություն եմ ունեցել քննարկել Մինսկի գործընթացը երկկողմ հարաբերությունների համատեքստում նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Քլինթոնի հետ: Ես ականատես եմ եղել, որ Վաշինգթոնը ձգտում է անել ամեն ինչ, որ կողմերին օգնի համաձայնության հասնել»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կիսում է հակամարտության խաղաղ կարգավորման շահագրգռվածությունը: Ըստ Բրայզայի, կարեւոր էր Սոչիում ընդունված հայտարարությունը, թե ԵԱՀԿ-ն պետք է հետաքննի շփման գծի բոլոր միջադեպերը: Բրայզան նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւոր աշխատանք է կատարում:

Նշենք, որ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահն է: 2010թ. դեկտեմբերի 30-ին Բարաք Օբաման հաստատեց նրա թեկնածությունը Ադրբեջանոմ դեսպանի պաշտոնում, թեպետ հայամետ սենատորները դեմ էին հանդես գալիս նրա նշանակմանը: