Ադրբեջանի վարքը վստահություն չի ներշնչում հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության մեջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպումից հետո:
Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` միակողմանի կարգով հայ դիպուկահարներին առաջին գծից հետ քաշելու մասին (Աժուբալիսն առաջարկը հնչեցրել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը-խմբ), Բակո Սահակյանը նկատել է, որ նման առաջարկը տեղին կլիներ այն դեպքում, եթե կողմերը կառուցողական մոտեցում դրսեւորին եւ հարգեին ներկայացված առաջարկները: Սակայն, ըստ Սահակյանի, Ադրբեջանը անցած տարիներին բազմիցս խախտել է պայմանավորվածությունները եւ այդ համատեքստում չի կարելի համաձայնվել նախաձեռնության հետ: Սահակյանը նշել է շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին, սակայն ընդգծել է, թե Ադրբեջանը շահագրգռված չէ դրանում:
Խոսելով նախօրեին հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքի եւ հայ զինվորի սպանության մասին` Բակո Սահակյանը նշել է, թե ԵԱՀԿ համանախագահների յուրաքանչյուր այցելություն Ադրբեջան ուղեկցվում է դիվերսիոն գործողություններով: «Երեկվա միջադեպը դրա վառ ապացույցն է»,- ասել է նա:

























