Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այսօր՝ մարտի 18-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աուդրոնիուս Աժուբալիսն իր հերթին փաստել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել դատաիրավական համակարգում, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության շարունակումը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ եւ կարեւորել 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարեփոխված ընտրական օրենսգրքի ընդունումը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: Նրա համոզմամբ, ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումը կխոչընդոտի խաղաղ կարգավորման գործընթացին:
Նրա խոսքով ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորաման գործընթացում դրական տեղաշարժ է նկատում:




























