Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հուսալի եւ դիմացկուն է, չնայած, որ բավականին հին է։ Ինչպես հաղորդում է newsgeorgia.ru-ն, այս մասին մարտի 18-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Վրաստանի ազգային ակադեմիայի մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բաժնի աստղաֆիզիկոս Ջումբեր Լոմինաձեն՝ մեկնաբանելով վերջերս հնչող կարծիքները, թե տարածաշրջանում երկրաշարժի դեպքում, Մեծամորի ատոմակայանից ռադիացիայի արտահոս է հնարավոր։

«Հայաստանի ԱԷԿ-ը շատ լավ է կառուցված, չնայած մի քիչ հնացել է արդեն։ Ռեակտորը դիմացել է Սպիտակի հզոր երկրաշարժին»,- նշել է Լոմինաձեն։   

Նշենք, որ Մեծամորի ատոմակայանը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ ԱԷԿ-ը գործարկվել է 1980 թ.։ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից ԱԷԿ-ում խափանումներ չարձանագրեց, սակայն 1989թ. ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր։ Մեծամորի ատոմակայանը վերագործարկվել է 1995թ.։

Հայաստանի իշխանությունները ծրագրում են նոր ատոմակայն կառուցել Մեծամորի տեղում։ Նախնական հաշվարկներով ներդրումները կկազմեն մոտ 5 մլրդ դոլար։