Բժիշկների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում մահացած 10-ամյա Անահիտ Վիրաբյանի մահվան փաստով Ռուսաստանի հետաքննական կոմիտեի հետաքննչական բաժանմունքում մարտի 2-ին քրեական գործ է հարուցվել, հայտնում է kp.ru-ն:

Դեկտեմբերի 28-ին երեխայի ջերմությունն առանց որեւէ պատճառի բարձրանում է մինչեւ 38,6 աստիճան եւ երեխայի մայրը՝ Կիմա Արտուշեւնան միանգամից շտապօգնություն է կանչում։ «Ես ինտուիցիայով զգացի, որ երեխայի մոտ ուղղակի մրսածություն չէ, նա չէր հազում, հարբուխով հիվանդ չէր։ 18։00-ին մեզ այցելեց բժիշկը՝ ոմն Կոնովալով, ով լսելով ինձ՝ հայտարարեց, որ դատարկ բան է՝ հնարավոր է անգինա, եւ չարժե շատ անհանգստանալ։ Ես, ամեն դեպքում, խնդրեցի հիվանդանոց տեղափոխել աղջկաս, ինչին ի պատասխան լսեցի, որ ավելի լավ է կանչել տեղամասային բժշկին»,- պատմել է երեխայի մայրը։

Գիշերվա ուշ ժամին աղջկա վիճակն ավելի է վատանում՝ ցավեր կրծքավանդակում, կապտում են մատների ծայրերը, այտուցվում են կոպերը։ 03:00-ին գալիս է Լուկին ազգանունով մեկ այլ բժիշկ։ Սակայն աղջկան կրկին չեն հոսպիտալացնում։ Բժիշկն աղջկան ջերմ իջեցնող միջմկանային ներարկում է կատարում եւ գնում՝ հիշեցնելով, որ առավոտյան դիմեն տեղամասային բժշկին։

Առավոտյան 09:00-ին Կիման կանչում է տեղամասային բժշկին։ Աղջկան զննելով՝ բժիշկը հայտնաբերում է, որ նրա ջերմությունն իջել է մինչեւ 34 աստիճան եւ ինքն է կանչում բժիշկների, ովքեր նրան տեղափոխում են հիվանդանոց։ Երեք ժամ անց երեխան մահանում է։

«Այդ հիվանդանոցի բժիշկը հայտարարեց, որ իրենք աղջկան չեն կարողացել փրկել, քանի որ նրան ուշ են տեղափոխել հիվանդանոց։ Մահվան պատճառ է դարձել վիրուսային ինֆեկցիան։ Ես կարծում եմ, որ երեխայի մահը վրա է հասել այն բժիշկների մեղքով, ովքեր հրաժարվել են նրան ժամանակին հիվանդանոց տեղափոխել, մանավանդ, որ ես հոսպիտալացումից չեմ հրաժարվել, ավելին, խնդրել եմ երեխային հիվանդանոց տեղափոխել»,- պարզաբանել է Կիման։

Լուկինն այդ դեպքից հետո այլեւս շտապօգության ծառայությունում չի աշխատում, իսկ ահա նրա գործընկեր Կանավալովն աշխատում է։