Իրանի կողմից խոցված ամերիկյան անօդաչու թռչող սարքն օդ է բարձրացել Արաբական Միացյալ Էմիրություններից: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաֆար Զարիֆը:

«00:14-ին ամերիկյան անօդաչուն օդ է բարձրացել ԱՄԷ-ից՝ անտեսանելիության ռեժիմով եւ խախտել է Իրանի օդային տարածքը: Մենք մեր տարածքային ջրերում գտել ենք ամերիկյան անօդաչուի ֆրագմենտները»,- գրել է Զարիֆը:

Ավելի վաղ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ եւ այժմ ներխուժում է Իրանի տարածք: Բացի այդ, Զարիֆը նշել է, որ Իրանը ցույց կտա, որ ԱՄՆ-ը ստում է:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ այսօր Իրանի օդային տարածքում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: ԱՄՆ-ում պնդում են, որ այն գտնվել է միջազգային օդային տարածքում: Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին քննադատել է Իրանի տարածք ամերիկյան ԱԹՍ-ի ներխուժումը: Մուսավին իր հայտարարության մեջ բողոք է հայտնել երկրի օդային տարածքի խախտման «ագրեսիվ եւ սադրիչ» քայլերի դեմ: Նա նշել է, որ Իրանի սահմանը խախտելու պատասխանատվությունն ընկած է ներխուժում իրականացրած երկրի վրա: