ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) արգելել է ամերիկյան ինքնաթիռներին թռչել Իրանի կողմից վերահսկվող Օմանի եւ Պարսից ծոցերի օդային տարածքով, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
«Ծանուցումն օդաչուների համար (NOTAM) տարածվում է ամերիկյան բոլոր ավիափոխադրողների եւ առեւտրային օպերատորների վրա»,- ասվում է վարչության Թվիթերի հաղորդագրությունում։
Թռիչքներն այդ ջրերի վրայով արգելվում են մինչեւ հետագա կարգադրություն։ Ընդ որում՝ օդաչուները կարող են արգելքը շրջանցել արտակարգ իրավիճակում։
Վարչությունում նշել են, որ արգելքը կապված է «սաստկացած ռազմական ակտիվության եւ աճած քաղաքական լարվածության», այն է՝ Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի խփվելու հետ։ Այս առնչությամբ առեւտրային չվերթերը գտնվում են ռիսկի գոտում, ավելացրել են FAA-ում։
Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը տեղեկացրել էր ամերիկյան անօդաչուի մասին, որը խփվել էր Իրանի օդային տարածքում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում։
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբաս Մուսավին դատապարտել է ԱՄՆ անօդաչուի ներխուժումն Իրանի օդային տարածք։
Իր հայտարարությունում Մուսավին բողոք էր հայտնել «երկրի օդային տարածքի խախտման ագրեսիվ եւ սադրիչ քայլի» կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ Իրանի սահմանների խախտման պատասխանատվությունն ընկած է այն կողմի վրա, որը կատարել է ներխուժումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում գրել է, որ Իրանը մեծ սխալ է գործել։ Ավելի ուշ Կանադայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նշել էր, որ անօդաչուն կարող էր սխալմամբ խփված լինել։ Նրա խոսքով՝ դրոնը անզեն էր եւ գտնվում էր միջազգային ջրերի տարածքում, այն կարող էր խփել «հիմարի ու անբանի մեկը»։
«Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»- ասել է Թրամփը։





























