Եվրամիությունը նախագահելու է հունիսի 28-ին Վիեննայում կայանալիք Իրանի միջուկային համաձայնագրի մասնակից երկրների հանդիպմանը:

AP հաղորդմամբ՝ բացի Եվրամիությունից, հանդիպմանը կմասնակցեն Չինաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Իրանից բարձրաստիճան ներկայացուցիչներ:

ԵՄ հայտարարության համաձայն՝  հանդիպումը հրավիրվել է «իրանական միջուկային գործարքի հետագա իրականացման ապահովման նպատակով»: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում  փորձեր կձեռնարկվեն լուծելու «Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարման եւ վերսկսման, ինչպես նաեւ համաձայնությամբ նախատեսված ուրանի հարստացման մակարդակը գերազանցող Իրանի հայտարարության կապակցությամբ առաջացած խնդիրները»:

«Ես կարծում եմ, որ 2015-ին կնքված գործարքը, բավարար չէ, բայց դա լավ գործարք է», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի Խորհրդի նիստից հետո: «Ֆրանսիան կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը մնա այդ գործարքում»:

Մակրոնը նաեւ կոչ է արել թուլացնել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ «Իրանը շատ մեծ սխալ է արել» ամերիկյան անօդաչուին խոցելով:

«Մենք ցանկանում ենք պահպանել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգությունը, մեր դաշնակիցների անվտանգությունը», - ասել է Մակրոնը:

«Մենք ցանկանում ենք առավելագույն երաշխիքներ ստանալ, որպեսզի երաշխավորենք, որ Իրանը միջուկային զենք չի ստանա: Ամենակարեւորն էսկալացիայի ցանկացած ձեւից խուսափելն է»: