Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման փաստի վերաբերյալ:

«ԱՊԱ»-ն, ԱԳՆ մամուլի ծառայությանը վկայակոչելով, հաղորդում է, որ ադրբեջանական կողմը երախտագիտություն է հայտնում ԱՄՆ-ին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հունիսի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազամկերպման համար որպես ավելի վաղ նույն ձեւաչափով Փարիզում եւ Մոսկվայում  կայացած հանդիպումների շարունակություն:

 «Կարծում ենք, որ նման հանդիպումները դրական բնույթ ունեն եւ նպաստում են բանակցային գործընթացի զարգացմանը: Ավելի քան երեք ժամ տեւած հանդիպման շրջանակում քննարկման հիմնական թեման Փարիզում եւ Մոսկվայում նախարարների նախորդ  հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերն էին:

Վաշինգտոնում հանդիպման ժամանակ համանախագահները երկու կողմերի քննարկման են ներկայացրել  կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ:

Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նույն ձեւաչափով հերթական հանդիպումն անցկացնելու մասին», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում: