Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար արքայազն Հալիդ բին Սալմանի հետ:
Reuters-ը հայտնում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին հարձակումները, որոնց մեջ Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան Իրանին են մեղադրում: Արքայազն Հալիդը հաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը Թեհրանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ արշավին:
Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն՝ որպես խփված անօդաչուի վրեժ, բայց ավելի ուշ այս գաղափարից հրաժարվել է:
Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան դասվում են այն երկրների շարքին, որոնք Իրանին մեղադրել են Հորմուզի նեղուցի մոտ նավթային լցանավերի վրա հարձակման մեջ, որը նավթի գլոբալ մատակարարումների հիմնական տարանցիկ երթուղին է: Թեհրանը մեղադրանքները հերքում է:
Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը հայտնել էր ամերիկյան անօդաչուի մասին, որը խփվել էր Իրանի օդային տարածքում: Ընդ որում՝ ԱՄՆ-ն պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին խիստ քննադատության էր ենթարկել ԱՄՆ ռազմական դրոնի ներխուժումը Իրանի օդային տարածություն:
Մուսավին իր հայտարարությանն մեջ բողոք էր հայտնել ընդդեմ երկրի օդային տարածության «ագրեսիվ եւ սադրիչ» քայլի: Նա ընդգծել էր, որ Իրանի սահմանների խախտման պատասխանատվությունը ընկնում է ներխուժումն իրականացրած կողմի վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան էջում նշել էր, որ Իրանը մեծ սխալ է թույլ տվել: Ավելի ուշ Կանադայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նշել էր, թե հնարավոր է՝ անօդաչուն սխալմամբ է խփվել: Նրա խոսքով՝ դրոնն անզեն էր եւ ակներեւորեն գտնվել է միջազգային ջրերում, այն կարող էր խփել «հիմար եւ անգործ շաղակրատող» մեկը:





























