British Airways բրիտանական ավիաընկերությունը հայտարարել է, որ կհետեւի ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ցուցումներին եւ կխուսափի Իրանի օդային տարածքից։ Այն չվերթները կիրականացնի այլընտրանքային երթուղիների օգտագործմամբ, տեղեկացնում է Reuters-ը։
«Անվտանգության եւ պահպանության մեր թիմը մշտապես կապ է պահում իշխանությունների հետ ամբողջ աշխարհում՝ յուրաքանչյուր երթուղու ռիսկերի գնահատման շրջանակում, որտեղ մենք աշխատում ենք»,- ասել է British Airways-ի ներկայացուցիչը։
Նրա օրինակին հետեւել են նաեւ Malaysia Airlines-ը, ավստրալական Qantas Airways Ltd-ն, Singapore Airlines Ltd-ն, գերմանական Lufthansa-ն եւ հոլանդական KLM-ն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) արգելել էր ԱՄՆ-ում գրանցված ինքնաթիռներին թռչել Իրանի հսկողության տակ գտնվող տարածքով Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում անօդաչուի վրա հարձակումից հետո։





























