Գերմանիան ողջունում է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանին հարվածելու որոշումը, տեղեկացնում է AP-ը։

Մեկնաբանելով համապատասխան հրապարակումները՝ Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղար Մարտինա Ֆիթցը նշել է, որ «նախագահ Թրամփի մասին կարող եմ ասել, որ կան բազմաթիվ հայտարարություններ եւ նշաններն այն բանի, որ ԱՄՆ նախագահը կցանկանար խուսափել ռազմական առճակատումից, եւ մենք, բնականաբար, ողջունում ենք դա»։

Նա նշել է, որ կանցլերը երկու կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որոնք կարող են նպաստել լիցքաթափմանը»։

Ավելի վաղ The New-York Times թերթը տեղեկացրել էր, որ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելուն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերը խփել էին ամերիկյան անօդաչու թռչող սարքը, բայց ավելի ուշ մտափոխվել էր։