Վեթինգի մասին խոսակցություններն այնքան անորոշ են, որ մենք այսօր այն, թե ինչ է վեթինգը, ստիպված ենք մեկ բառով պատասխանել, որ դա կախարդական փայտիկն է, բայց չգիտենք, թե այդ փայտիկը ինչ ձեւով պետք է արդարություն ապահովի արդարադատության համակարգում: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Այնուհետեւ նա անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանին՝ նշելով. «Մեկ տարի առաջ մենք իր հետ շատ սուր վիճաբանությունների մեջ էինք, երբ նա որպես արդարադատության փոխնախարար պաշտպանում էր կարճ ձեւակերպումով ասեմ, ընտանեկան բռնության մասին օրենքը: Մենք շատ սուր փոխադարձ քննադատություններ ունեցանք: Մենք այդպիսի քննադատություններ հնչեցրել ենք նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստերին: Բայց ես հիմքեր չունեմ կասկածի տակ դնել Վիգեն Քոչարյանի հավակնության արժեքը:

Պարոն Քոչարյանն իմ աշխատանքային ընկերն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Քոչարյանը միշտ էր արժեւորվել է որպես գիտնական այդ թվում նաեւ նախկին իշխանությունների կողմից: բայց ինքը քաղաքական պաշտոն չի զբաղեցրել եւ ստիպված չի եղել մասնակցել քաղաքական մանիպուլյացիաների: Քոչարյանն իսկական գիտնական է, որն ապրում է, որ գիտության զբաղվի, ոչ թե գիտությամբ է զբաղվում, որ ապրի»:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից ԱԺ վստահության մեկ այլ հայցորդ ինչ-ինչ շարժառիթներից ելնելով ամոթալի էր համարում խորովածի սեղաններին մասնակից լինելը. «Տո Վիգեն Քոչարյանը լավ էլ խորովածի սեղանների էլ է մասնակցում, լավ էլ սեղանի ընկեր ա: Իր միակ թերությունն այն է, որ բանտում չի ծանոթացել ինչ-որ մարդկանց հետ եւ բանտային հիշողություններով չի ղեկավարվում: Կարիք չկա, որ ես այստեղ դերասանություն անեմ, չխոստովանեմ մեր ընկերական կապը, որ իրեն վնաս չպատճառեմ: Լավ էլ, խոստովանում եմ:

Գեւորգ Պետրոսյանի ելույթի ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց. «Բայց պարոն Քոչարյանը ոնց որ մեր թեկնածուն է, եկել եք մեր մոտ եք պաշտպանում»: