Երեւանի պետական համալսարանը TOEFL (Test of English as a Foreign Language) քննություն անցկացնելու իրավունք է ստացել շուրջ մեկ ամիս առաջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, TOEFL ծրագրի եկավար Մարգարիտա Ապրեսյանը։
Նրա խոսքով, բուհը ձեռք է բերել ե՛ւ TOEFL IBT, ե՛ւ TOEFL PBT թեսթերի արտոնագրեր, որոնցից առաջինը՝ արտասահմանյան բուհերում սովորելու իրավունքի, մյուսը՝ հայաստանյան ուսումնական հաստատությունների ասպիրանտուրաներ ընդւնվելու համար է։ «Արդեն երեք քննություն եղել է, որոնցից առաջինին մասնակցել են 5, երկրորդին՝ 8, իսկ մարտի 20-ին նախանշված քննությանը սպասում ենք շուրջ երկու տասնյակ մարդկանց, նրանց թվում՝ նաեւ արտասահմանցիների»,- ասաց Ապրեսյանը։
Նա կես կատակ-կես լուրջ նկատեց, որ TOEFL-ի քննություն անկացնելու իրավունք ստանալով՝ ԵՊՀ-ն խլել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի մենաշնորհը։ «Ընդ որում, ի տարբերություն Ամերիկյան համալսարանի, որտեղ քննություն կարող է հանձնել միաժամանակ 24 մարդ, ԵՊՀ-ի հատուկ այդ նպատակով կահավորված լսարանում քննություն կարող է հանձնել միանգանից 30 դիմորդ», -նշեց TOEFL ծրագրի ղեկավար՝ միաժամանակ ավելացնելով, որ քննություն հանձնելու համար յուրաքանչյուր անձ առցանց տարբերակով պետք է 160 դոլար մուծի։
Նշենք, որ մինչ այժմ Հայաստանում TOEFL քննություն անցկացնելու իրավունք ուներ միայն Հայաստանում Ամերիկյան համալսարանը, իսկ IREX կազմակերպությունը զբաղվում էր բացառապես դիմորդների գրանցումով եւ քննություն հանձնելու համար նրանց Ամերիկյան համալսարան ուղեգրելով։




























