Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ` մարտի 18-ին բավարարել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի միջնորդությունը՝ երկու ամսով երկարացնելով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիների կալանքի ժամկետը: Խոսքը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանի եւ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի մասին է, ովքեր, համաձայն ոստիկանության, մեղադրվում են Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց 55.000 դրամ կաշառք վերցնելու մեջ:
Բացի հիշյալ բժշկուհիների կողմից կաշառք ստանալու գործից, այս տարի Լոռու մարզի դատախազությունում կաշառք ստանալու եւս երկու գործ է հարուցվել: Այդ գործերն առնչվում են ընտանեկան նպաստի եւ թոշակների հատկացման գործընթացներին: 2010 թվականին պետական միջոցների յուրացման համար հարուցված քրեական գործերի քննության արդյունքում պետբյուջե է վերադարձվել շուրջ 54 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան, 40-ամյա Ֆիլոմինա Մոսոյանը Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց, հիվանդության պատճառով թոշակավորվելու եւ համապատասխան փաստաթղթեր ձեւակերպելու համար, պահանջել է 30.000 դրամ կաշառք:
Փետրվարի 22-ին, ժամը 13.00-ին, Ֆիլոմինա Մոսոյանը իր աշխատասենյակում հիշյալ կնոջից 35.000 դրամ կաշառք վերցնելուց հետո փաստով բռնվել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաեւ, որ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան, 43-ամյա Գայանե Գասպարյանը փետրվարի 11-ին, ժամը 11.00-ին, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական եզրակացության կազմելու եւ այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի նույն բնակչուհուց ստացել է 20.000 դրամ կաշառք: Բժշկուհիներն ու իրենց փաստաբանները հայտարարում են, թե կաշառք չեն վերցրել եւ հարուցված քրեական գործը չի առնչվում բժիշկներին, քանի որ նրանք պաշտոնատար անձ չեն համարվում:




























