Գյումրիում անշարժ գույքի շուկայում գները կայունանում են: «Սկսած 2010 թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից բնակարանների գներն այլեւս չեն իջնում , այլ կայունանում են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Պ.Ա.Գ. էսթեյթ» ՍՊԸ տնօրեն, անշարժ գույքի շուկայի մասնագետ Արարատ Պապոյանը: Նրա խոսքով, այսօր շուկայում նկատվում է միտում, որ բնակարան վաճառում են ավելի շատ ոչ թե պայմանները բարելավելու համար, այլ որոշակի խնդիրներից ելնելով: Վաճառվում են բազմասենյականոցներ, գնվում ավելի փոքր մակերեսով մեկ-երկու սենյականոց բնակարաններ:

Ըստ մասնագետների` նկատվում է ակտիվ միգրացիոն հոսք, ինչպես Գյումրի են գալիս, այնպես էլ գնում են Գյումրիից: Գյումրիից հեռանում են Երեւան եւ արտերկիր, իսկ վաճառվող բնակարանները գնում են շրջական գյուղերի բնակիչները: Գնորդների մեջ կան մեծ թվով քաղաքացիներ նաեւ Ռուսաստանից: