Եգիպտոսում հայտնի ազատական առաջնորդ, ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար Մուհամեդ Ալ-Բարադեյը հարձակման է ենթարկվել այսօր՝ մարտի 19-ին , երբ փորձել է հասնել ընտրատեղամաս, որը գտնվում է Կահիրեյի Մուքաթամի շրջանում, հաղորդում են եգիպտական էլեկտրոնային լրատվամիջոցները:
«Ալ Մուսրավի» ինտերնետ կայքի տվյալներով, հարձակվողները Ալժ-Բարադեյի եւ նրա կողմնակիցների ուղղությամբ քարեր են նետել եւ թույլ չեն տվել նրան քվեարկել հանրաքվեի ժամանակ:
Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ ազատական քաղաքական գործչի վրա հարձակվել են իսլամիստները, սակայն նա դեռ որեւէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ Ալ-Բարադեյն իր կողմնակիցներին կոչ էր արել դեմ քվեարկել Եգիպտոսի սահմանադրական նոր փոփոխություններին:
Միաժամանակ իսլամական շարժումները, եւ առաջին հերթին «Մուսուլման եղբայրները» աջակցում են սահմանադրական փոփոխություններին:
Ինչպես ավելի հաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսում այսօր՝ մարտի 19-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Երկրի 80 միլիոնանոց բնակչությունից 45 մլն ընտրողները պետք է «այո» կամ «ոչ» ասեն նորացված հիմնական օրենքին, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փոփոխությունները վերաբերում են 9-ը հոդվածների: Մասնավորապես` համաձայն փոփոխությունների, երկրի ղեկավարն ընտրվում է չորս տարով եւ այդ պաշտոնում կարող է առաջադրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Սահմանվում է նաեւ տարիքային ցենզ. նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել 40 տարեկանից ոչ պակաս տարիք ունեցող եգիպտոսցին, ում երկու ծնողները պետք է լինեն Եգիպտոսի քաղաքացիներ:
Մինչ «հունվարի 25-ի հեղափոխությունը», նախագահական լիազորությունների ժամկետը վեց տարի էր` առանց վերընտրվելու մասին սահմանափակումների, իսկ մինչեւ 2005թ-ը նախագահի վերընտրության մասին հարցը դրվում էր համապետական հանրաքվեի, որի ժամանակ ընտրողները կարող էին հաստատել կամ մերժել միայն մեկ թեկնածություն` նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի թեկնածությունը:
Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է վերացնել ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու մասին 179 հոդվածը: Այն, ըստ էության, չնայած սահմանադրության մեջ ամրագրված մասնավոր կյանքի եւ սեփականության անձեռնմխելիության մասին դրույթի, հատուկ ծառայություններին եւ դատական իշխանությանը հնարավորություն էր տալիս պետության անվտանգության պաշտպանության պատրվակով ոտնձգություններ թույլ տալ:
Քվեարկության ընթացքին հետեւում է Եվրախորհրդարանի 14 պատգամավոր:




























