Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրազենային զենքերից շուրջ 200 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` արձակելով ավելի քան 1300 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 17-ին եւ 18-ին, որոնց արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:
«Չնայած մարտի 5-ի Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում հակամարտ կողմերի միջեւ փոխադարձ վստահության հետագա ամրապնդման շուրջ ձեռքբերված պայմանավորվածության, այնուամենայնիվ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ գործողություններով նպաստել տարածաշրջանային ռազմաքաղաքական լարվածության խորացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:
«Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո եւ, գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլեւ միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն: Հանգամանք, որը անտարակույս պետք է իր արժանի գնահատականը ստանա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:




























