Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը մարտի 19-ին օդային հարվածներ են հասցրել Լիբիայի ռազմատեխնիկային, կրակ բացելով անհայտ մեքենայի ուղղությամբ, մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի գլխավոր շտաբի մամուլի քարտուար, գնդապետ Տիերի Բյուրկարը:

Կրակը բացվել է Երեւանի ժամանակով 13:45-ին: «Դա դեռեւս անհայտ տիպի մեքենա էր»,- ասել է նա:

Իր հերթին, Ֆրանսիայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Լորան Տեսսերը նշել է, որ ոչնչացված տեխնիկան «սպառնալիք էր ներկայացնում Լիբիայի քաղաքացիական բնակչության համար»:

«Մենք գործում ենք երկու ուղղություններով. նախ որպեսզի ապահովենք ոչ թռիչքային գոտի, երկրորդ, որպեսզի պաշտպանենք քաղաքացիական բնակչությանը»,- ասել է Տեսսերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մարտի 18-ի գիշերն ընդունած բանաձեւի՝ միջազգային հանրությունն իրեն իրավունք է վերապահել Լիբիայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար դիմել ցանկացած միջոցի՝ բացի ցամաքային հարձակումից։ Դրանից հետո Մուամար Քադաֆիի կառավարությունը հայտարարել էր կրակի դադարեցման մասին:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն հայտարարել է, որ Լիբիայի վրա հարձակումը նախատեսված է մարտի 19-ին։ Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ Լիբիայի վրա պատրաստ է հարձակվել մարտի 18-ին:

Արոյի խոսքով, այս անգամ գործողությունը նախատեսում են սկսել օրվա ընթացքում՝ Փարիզում կայանալիք գագաթաժողովից ժամեր անց, որի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն Լիբիայի հանդեպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, գրում է Lenta.ru-ն:

Արոն հայտնել է, որ այդ հանդիպումը «հաջող պահ կլինի» վերջնագիր ներկայացնել Լիբիայի իշխանություններին՝ դադարեցնել ապստամբների դեմ մարտական գործողությունները: