Արեւմտյան կոալիցիոն ուժերը մարտի 20-ի առավոտյան շարունակել են հարված հասցնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին: Այս մասին հաղորդում է լիբիական «Ալ Ջամահիրիա» հեռուստաալիքը` տեղեկացնելով, որ քաղաքին հարվածել են  կոլաիցիայի ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ եղել են հրթիռային հարվածներ:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի` մարտի 17-ին ընդունված բանաձեւով նախատեսվում էր օտարերկրյա ռազմական օպերացիայի իրականացման հնարավորություն` Մուամար Քադաֆիի ուժերից Լիբիայի բնակչությանը պաշտպանելու համար: Ռազմական օպերացիան սկսվել է մարտի 19-ին ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի մասնակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է նաեւ Իսպանիայի մասնակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լիբիայում արեւմտյան կոալիցիայի հարվածներից արդեն զոհվել է 48 մարդ, 150 –ը վիրավորվել է: Բացի այդ, տուժել են կրթական, առողջապահական, տրանսպորտային եւ այլ օբկյեկտներ:

Կոլաիցիայի ռազմածովային ուժերը Լիբիայի հակաօդային պաշտպանության  օբյեկտների վրա 110 հրթիռ են բաց թողել: Լիբիական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդել են խոշոր քաղաքներում, այդ թվում` Տրիպոլիում, Բենգազիում, Զուվարայում  կոալիցիոն ուժերի կողմից քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների հարվածների մասին: Հաղորդվում է, որ դրանց արդյունքում հրդեհներ են բռնկվել նավթային Միսրատի շրջանում: