Մեքսիկայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել WikiLeaks-ի կողմից դիվանագիտական հեռագրերի հրապարկումից հետո, որոնք Մեքսիկայի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը համարել էր երկու երկրների հարաբերությունները վնասող փաստաթղթղեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Կարլոս Պասկուալը, ըստ Հ. Քլինթոնի, որոշել է պաշտոնը լքել սեփական նախաձեռնությամբ` կանխելու համար Ֆիլիպե Կալդերոնի բացասական վերաբերմունքի ազդեցությունը ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի հարաբերությունների վրա, գրում է Lenta.ru-ն:
Մեքսիկայի նախագահի վրդովմունքը հարուցած հեռագրում նշվել է, թե Մեքսիկայի ռազմածովային նավատորմը գլխավոր նարկոբարոններից մեկին ձերբակալելիս հենվել է ԱՄՆ այն գործակալների տեղեկությունների վրա, որն ավելի վաղ մեքսիկական բանակն անտեսել էր: Հեռագիրն ստորագրել է Պասկուալը: Փորձագետների կարծիքով` այդ տեղեկությունների հրապարակումը վնասել է Կալդերոնի հեղինակությանը, ով 2006թ-ին որպես իր հիմնական նպատակ հայտարարել էր թմրաբիզնեսի դեմ պայքարը:
Մարտի 3-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Կալդերոնը հայտարարել էր, որ հրապարակված հեռագրերը «զգալի վանս » են հասցրել ԱՄՆ հետ դիվանագիտական հարաբերություններին: Նշվում է, որ Պասկուալի հրաժարականը եղել է այն թեմաներից մեկը, որն Օբամայի հետ հանդիպմանը շոշափել է Մեքսիկայի նախագահը:





























