Սոչիում մարտի 5-ին կայացած բարձր մակարդակով հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նորից հանդես եկան դիպուկահարներին դուրս բերելու կոչով, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեցին այն պարտավորություններին, որոնք Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստանձնել են հակամարտության խաղաղ կագավորման բանակցությունների եւ հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը հետաքննելու  ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` այդ պարտավորությունների համաձայն, ԵԱՀԿ-ի համար կարեւոր է վերջին երկու դեպքերի` շփման գծի մոտակայքում ադրբեջանցի փոքրիկ տղայի եւ նախօրեին հայ զինվորի մահվան վերաբերյալ տեղեկատվության մանրակրկիտ հետաքննությունը:

«Ցանկացած մահ  ողբերգություն է, որը միայն  թափ է հաղորդում ուժի կիառումը դատապարտող ջանքերին: Ինչպես բազմիցս հայտարարել են համանախագահները, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», -ասել է նա:

Դիվանագետը ընդգծել է, որ ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական ավիացիայի դեմ, որն ինքնին սպառնալիք չի ներկայացնում, ընդունելի չէ եւ հակասում է նախագահների` խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորություններին:

«Մենք կողմերին կոչ ենք անում համատեղ աշխատել`լուծելու համար թռիչքների առեւտրային անվտանգության հարցերը մինչ Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայնաի բացումը », -նշել է դեսպանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am –ը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն էր ընդունվել:

Փաստաթղթում մասնավորապես  ընդգծվում էր կողմերի ձգտումը` «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնելու հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել էր, թե Ադրբեջանն իրավունք ունի ոչնչացնել այն օդանավերը, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի նոր կառուցվող օդանավակայանում:

Նշենք, որ օդանավակայանը կգործարկվի մաիսի 9-ից: