Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին հանդես է եկել Արեւմուտքի հասցեին նախազգուշացումներով: «Ագրեսորների համար Լիբիան դարձել է դժոխային կրակ, եւ Արեւմուտքը կընկնի, ինչպես Հիտլերն ու Մուսոլինին», - հայտարարել է նա` ռազմական օպերացիայի հետ կապված ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք լիբիական ժողովրդին կզինենք բոլոր տեսակի զենքով` զենքի պահեստներն արդեն բաց են, եւ կշարունակենք պայքարն ու թշնամին կտապալվի,-համոզմունք է հայտնել գնդապետ Քադաֆին:-Մենք կազատագրենք մեր տարածքը ագրեսորներից, բայց ողջ երկրագունդը կդառնա Ջամահիրիա»:
Քադաֆին «դավաճան» է համարել Իտալիային, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային, որոնք բոլորվին վերջերս բարեկամական հրաբերություններ ունեին Տրիպոլիի հետ:
«Մենք երբեք չենք նահանջի ու երբեք չենք մեռնի, եւ Արեւմուտքին թույլ չենք տա տիրանալ մեր նավթին: Արեւմուտքի գրոհներն անխուսափելիորեն ետ կմղվեն: Ուսամա բեն Լադենը պարտության մատնեց Արեւմուտքին, նաեւ Լիբիան կհաղթի ձեզ»,-հայտարարել է Քադաֆին:
Նրա խոսքով` Տրիպոլին Արեւմուտքի ռազմական օպերացիան դիտում է որպես «անօրինական ներխուժում ինքնիշխան պետության տարածք եւ այն գնահատում է ոչ այլ կերպ, քան ահաբեկչական ակտ»:





























