ՄԱԿ-ում Եմենի դեսպան Աբդուլա Ալսաիդին հրաժարական է տվել` իր երկրում հակակառավարական հանրահավաքների ճնշման ֆոնին: Ալսաիդին իր հրաժարականի մասին դիմումն ուղարկել է նախագահի աշխատակազմ եւ արտգործնախարարություն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեսպանի հրաժարականի մասին հայտարարությունը հաջորդել է երկրի կառավարող կուսկացության երկու ազդեցիկ պատգամավորների նման որոշմանը, որոնք հանդես են եկել խաղաղ ցուցարարների կորուստների դեմ: Բացի այդ, մարտի 19-ին Եմենի կառավարող կուսակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ հրաժարական են ներկայացրել: Բողոքի ակցիայի մասնակիցներին աջակցություն են հայտնել նաեւ գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, ովքեր  նախկինում կառավարող ռեժիմի կողմնակիցներն էին:

Փետրվարի սկզբից Եմենի մի շարք քաղաքներում անցկացվում են մասշտաբային հակակառավարական ելույթներ, որոնք ուղեկցվում են նաեւ ցուցարարների եւ ոստիկանների բախումներով: Ցուցարարները պահանջում են 1978թ-ից երկիրը կառավարող Ալի Սալեհի հրաժարականը: