Հանուն Իրանի ազատության ընդդիմադիր շարժման գլխավոր քարտուղար Իբրահիմ Յազդին հայտարարել է իր հրաժարականի մասին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
80-ամյա Յազդին բանտից ազատ է արձակվել մարտի 20-ին: Նա ձերբակալվել էր անցած տարի հոկտեմբերին` Սպահանում չարտոնված հանրահավաքի մասնակցելու համար: Անմիջապես ազատ արձակվելուց հետո նա հայտարարել է ընդդիմադիր կազմակերպության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին:
Շարժումը Իրանում հայտարարված է օրենքից դուրս եւ բավական երկար ժամանակ փաստացի գտնվում է կիսալեգալ վիճակում: Այն լիբերալ քաղաքական ուժ է, որը հանդես է գալիս երկրում կառավարման աշխարհիկ ձեւի հաստատման օգտին, քննադատում է իրանական իշխանություններին ժողովրդավարության սահմանափակման համար: Շարժման ակտիվիստները նախկինում բազմիցս ենթարկվել են հետապնդումների:





























