Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը մարտի 20- 25-ը  աշխատանքային այցով կլինի Սիբիրի դաշնային երկրամասի Նովոսիբիրսկ, Խաբարովսկ երկրամասի Խաբարովսկ ու Մերձծովյան երկրամասի Վլադիվոստոկ քաղաքներում:

Ինչպես NEWS.am –ին հաղորդեցին  ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից,  այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ դեսպանի հանդիպումները  Նովոսիբիրսկի, Խաբարովսկ եւ Մերձծովյան երկրամասերի ղեկավարներ Վ.Ա. Յուրչենկոյի, Վ.Ի. Շպորտի եւ Ս.Մ. Դարկինի հետ: Դեսպանը հանդիպումներ կունենա նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, դասախոսություններով հանդես կգա Նովոսիբիրսկի եւ Խաբարովսկի իրավունքի ու տնտեսագիտության պետական համալսարաններում:

Այցը առանձնահատուկ է նրանով, որ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարն առաջին անգամն է առանձին ծրագրով լինում նշված երկրամասերում: Նպատակը ինչպես Հայաստանի մարզերի եւ վերոնշյալ երկրամասերի միջեւ միջռեգիոնալ մակարդակով համագործակցության ամրապնդումն է, այնպես էլ հայ համայնքի շրջանում ծագող խնդիրների քննարկումն ու կարգավորումը: